Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում

Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում

17 ապրիլի 2026 – 17:24 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Միջխորհրդարանական միության 152-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը նշել է, որ Անկարան կարևորում է Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը՝ ընդգծելով համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Քուրթուլմուշն ասել է, որ պետք է ամրապնդել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության մեխանիզմը և հնարավոր է իրականացնել ավելի ընդգրկուն աշխատանք՝ այդ ձևաչափում ներգրավելով նաև Հայաստանը, հայտնում է Factor.am-ը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային հակամարտությունների վրա՝ նշելով, որ Թուրքիան կարևորում է խաղաղությունն ու կայունությունը Սև ծովի, Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի և Կովկասի տարածաշրջաններում։ Նրա գնահատմամբ՝ կայուն միջավայրի ձևավորումը կարող է նպաստել տնտեսական զարգացման և բարգավաճման աճին։

Ավելի վաղ Քուրթուլմուշը անդրադարձել էր նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման հեռանկարներին։

Leave a Comment