Մեղրին՝ ԱՊՀ 2026-ի մշակութային մայրաքաղաք

Մեղրին՝ ԱՊՀ 2026-ի մշակութային մայրաքաղաք

17 ապրիլի 2026 – 17:26 AMT

PanARMENIAN.Net – ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Մեղրի և Ագարակ համայնքներում։

Տարվա ընթացքում նախատեսված բազմաթիվ նախաձեռնությունների շարքում մայիսի 16-17-ը Մեղրիում անցկացվելու է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը։ Այն մեկնարկել է Գյումրիում, ապա անցկացվել է Դիլիջանում, Արենիում և Գավառում։

Փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Երկօրյա միջոցառումների ընթացքում Մեղրին վերածվելու է արհեստների, ավանդական երգ ու պարի և ազգային խոհանոցի տոնական կենտրոնի։ Այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալու հայկական խոհարարական ավանդույթներին և բացահայտելու մարզին բնորոշ յուրահատուկ ուտեստները։

Փառատոնի շրջանակում ներկայացվելու են ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների ազգային արհեստներ՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլ ուղղություններ, ինչպես նաև կազմակերպվելու են ազգային երգ ու պար, վարպետաց դասեր և ցուցահանդես-վաճառքներ։ Առանձնահատուկ կերպով ներկայացվելու է նաև ավանդական խոհանոցը։

Նախաձեռնության հիմնական նպատակը ստեղծարար համայնքի ձևավորումն է՝ Մեղրիի մշակութային ինքնատիպության և ներուժի ակտիվացման միջոցով, միավորելով Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ հարթակում։

Փառատոնի միջավայրը նպաստելու է միջմշակութային երկխոսության խորացմանը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու վերարժևորմանը՝ ուժեղացնելով համայնքի դիմակայունությունն ու ապահովելով կայուն զարգացում։

Միջոցառմանը մասնակցելու է մոտ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 մասնակից ԱՊՀ երկրներից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից։

Ծրագրում ներառված են միջոցառումներ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար․ տաղավարներում կազմակերպվելու են կրթական և ժամանցային ծրագրեր՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ։ Փառատոնը եզրափակվելու է երեկոյան համերգներով, որտեղ ելույթ են ունենալու «Կաթիլ» բենդը, «Մանել» երգչախումբը և «Վարը վարենք» կրթամշակութային կազմակերպությունը։ Կարևոր բաղադրիչ է լինելու նաև լարախաղացության ներկայացումը։

Ծրագիրը իրականացվել է ամեն տարի Հայաստանի տարբեր մարզերում՝ նպաստելով համայնքների ակտիվ ներգրավմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Նշվել է նաև, որ այս տարվա բացման օրը համընկնում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության հետ։

Leave a Comment