Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանի զարգացումները

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ: Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։

Արտգործնախարարությունից հավելում են, որ փոխնախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով:

Անթալիա չի մեկնի նաև հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը, որն ամենամյա այս ֆորումին մասնակցել է և՛ 2024-ին, և՛ 2025-ին՝ ուղեկցելով արտգործնախարարին: Ֆորումը դառնում էր ինչպես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այնպես էլ Երևան-Անկարա կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլչի առանձին հանդիպումների առիթ:

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ:

Leave a Comment