Խորհրդարանում հյուրընկալվել են Իսպանիայից ժամանած գործարարներ

ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը, խմբի անդամ Մերի Գալստյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ապրիլի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի, գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Խիրոն Պասկուալի եւ Իսպանիայից ժամանած գործարարների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ Իսպանիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով եվրոպական ընտանիքին միանալու մեր երկրի ձգտումների մասին՝ պատգամավորը կարեւորել է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացումը:

Բաբկեն Թունյանը եւ Մերի Գալստյանը, արժեւորելով գործարարների այցը Հայաստանը, նշել են, որ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, առկա է համագործակցության մեծ ներուժ:

ՀՀ-ում Իսպանիայի դեսպանն ընդգծել է երկկողմ համագործակցության խորացումը թե՛ գործադիր եւ թե՛ օրենսդիր մակարդակներում: Ռիկարդո Մարտինես Վասկեսի խոսքով չնայած երկու երկրների միջեւ առկա աշխարհագրական հեռավորությանը՝ հայերն ու իսպանացիներն ունեն շատ ընդհանրություններ՝ մշակութային, քաղաքակրթական եւ այլն: Դիվանագետը նշել է, որ Իսպանիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ ընթացող գործընթացներին:

Իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները: ԱԺ պատգամավորները համատեղ ծրագրեր իրականացնելուն աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Leave a Comment