
Մինչ դատարանը քննում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները:
Մի պահ իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև:
Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնում են՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։
Ակցիայի մասնակիցները բղավում են՝ «Սամվել վարչապետ», «ազատություն»:
Դատարանն այսօր վերսկսեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իրավունք չունի խոսելու, փաստաբաններն էլ հավելեցին, որ՝ կա սահմանափակում: