ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման ու մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում սարք-սարքավորումներն աշխատում են օրվա, գրեթե, բոլոր ժամերին։
Մեր ձայնագրության ողջ ընթացքում էլ սրանք միացված էին, լռում էին միայն այն պահին, երբ սարքը «որոշում էր» հանգստանալ։ Աշխատանքային պայմաններին է ծանոթացնում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման ու մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ, դեղագործական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը։



«Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի երրորդ հարկի լուսավոր ու մաքուր միջանցքով քայլում ու ընկնում ես գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա։ Այստեղ ամեն ինչ նոր է։ Լաբորատորիան արժեքավոր ռեսուրս է, որը և’ կրթական, և’ գիտական բաղադրիչ ունի»,- ասում է զրուցակիցս։
Նշում է՝ ուսանողներն այստեղ հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորություն ունեն։ Իրականացնում են նաև կոմերցիոն ծառայություններ։ Լուսինեն փաստում է՝ աշխատանքը շատ հետաքրքիր է, այստեղ միջդիսցիպլինար գիտությունն է զարգանում՝ ընդգծում է։ Կարծում է, որ Հայաստանում գիտությունը վերջին տարիներին զարգանում է։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը ձևավորվել է 1994 թվականին։ Այն նախ Քիմիական ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժին էր։ Բայց, քանի որ դեղագետ մասնագետների պահանջարկը մեծ էր, 2016-ից որոշեցին դառնալ առանձին միավոր։
Հենց այս տրամաբանությամբ էլ մի քանի տարի անց բացվեց Դեղերի որակի վերահսկման լաբորատորիան։ Այստեղ իրականացնում են դեղերի, սննդի, կենսաբանորեն ակտիվ հավելումների որակի հսկման փորձաքննություններ։