Երևանը՝ միջնորդ Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններում — Հայաստանի Հանրային Ռադիո

Արդյո՞ք Երևանը փորձում է միջնորդ դառնալ Թբիլիսի- Բրյուսել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ հայ պաշտոնյաները շարունակում են հարցն ակտիվորեն  բարձրացնել, դրան զուգահեռ վրացի գործընկերները Բրյուսելի ուղղությամբ կոշտ քննադատության կողքին նաև հարաբերությունների բարելավման պատրաստակամություն են հայտնում։

Վրաստանյան փորձագիտական դաշտում Երևանը կարծես արդեն միջնորդ է դիտարկվում Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններում։ Նման միջնորդությունը հավանական է համարվում այնպես, ինչպես մի շարք այլ հարցերում Թբիլիսին է եղել միջնորդ Հայաստանի համար։

Վրացի քաղաքագետ, «Վրաստանն առաջինը» շարժման համահիմնադիր Վիկտոր Կիպիանին Հանրային ռադիոյի հետ զրույցում ողջունում է պաշտոնական Երևանի մասնակցությունը Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունների կարգավորմանը` ընդգծելով, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում որոշակի հարթության մեջ ասելիք է թելադրում, փորձում է առաջ տանել վրաց հասարակության ձգտումները։

Ձայն «Այն, որ Հայաստանը շարժվում է եվրաատլանտյան ուղղությամբ, շատ կարևոր ազդակ է թե՛ տարածաշրջանի, թե՛ Վրաստանի համար: Այդ պատճառով հայ-վրացական հարաբերությունները ձեռք են բերել առանձնահատուկ նշանակություն. իհարկե, դրանք մշտապես ունեցել են դրական ավանդական ֆոն, բայց այսօրվա աշխարհաքաղաքական մեծ վերափոխումները, որոնք տեսնում ենք Հայաստանում, մեզ համար այլ ցուցիչ են»,- ասում է Կապիանին:

Նա ընդգծում է Վրաստանի դերի կարևորությունը  Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Բացի այդ,  ըստ նրա, կարծես վրացի պաշտոնյաների համար էլ է ընդունելի Հայաստանի միջնորդությունը։

Վրաստանում համաձայն են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավելի դյուրին կընթանա, եթե Վրաստանը վերջնականապես չշեղվի եվրոպական ուղուց։ Հարևան երկիրը հասել է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակի՝ մինչ այդ իրականացնելով վիզային ռեժիմի ազատականացում, ինչպես նաև բարեփոխումներ արդարադատության, ոստիկանության, կրթության և այլ ոլորտներում, Եվրամիության հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագիր։ Վրացական բարեփոխումների այս փորձը Հայաստանը շարունակում է ուսումնասիրել։

Վերջին շրջանում պաշտոնական Երևանը քանիցս հայտարարեց Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Մեկ ամիս առաջ Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վրաստանը համարեց կարևոր գործընկեր Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում ևս:

Հարցն այնուհետև Հայաստանի կառավարության ղեկավարը բարձրացրեց Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի ամբիոնից շեշտելով, որ Հայաստանի եվրաինտեգրման  ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խնդրանքն էր, որ Եվրոպական Միություն- Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա․ դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար։

Այս շրջանում  Թբիլիսիից Բրյուսելի դեմ շարունակվող ծանր հռետորաբանության կողքին հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն ևս նկատվում է՝ որոշ նախապայմաններով։

Վրաստանի իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Թոռնիկե Ճեիշվիլին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․ «Իմ կարծիքով, Հայաստանի վարչապետը հայտարարությունն արել է իր երկրի տեսանկյունից՝ ելնելով սեփական շահերից։ Սակայն կա կոնկրետ ուղերձ․ Հայաստանի վարչապետը նրբանկատորեն ազդանշան է տվել եվրոպական բյուրոկրատիային, որ Վրաստանի նկատմամբ անարդար վերաբերմունքն ու տարբեր տեսակի հարձակումները պետք է վերանայվեն»։

Օրերս էլ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հաստատեց, որ Հայաստանը մասնակցում է Բրյուսելի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Վրաստանում նշում են, որ երկու երկրները տարբեր հարցերում միջնորդի դեր կատարելու մեծ ներուժ ունեն։ Վրաստանը ևս միջնորդության փորձ ունի․  Արևմուտքի աջակցությամբ  2021-ին Վրաստանի իշխանությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասան՝ ադրբեջանա–վրացական սահմանով 15 հայ ռազմագերիներ վերադարձան։

Քաղաքական հարցերով վերլուծաբան Գիա Աբաշիձեն շեշտում է` դա կողմերի համար Վրաստանի հանդեպ վստահության հումանիտար և հեռու տանող դիվանագիտական քայլ էր:

 «Գերիների վերադարձը հույսի կայծ էր, որ Վրաստանը կարող է իր արևմտյան գործընկերների հետ միասին դրական դեր կատարել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գործում: Այդ նշանները Վրաստանի համար հպարտանալու առիթ էին, ինչպես նաև Հայաստանի այսօրվա միջնորդությունը: Հույս ունեմ՝ որ երկու բարեկամ հարևանները կշարունակեն նման կաևորագույն հարցերում միջնորդություն անել»։ 

Վրաստանը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել նաև հայ-ադրբեջանական երկխոսությունում միջնորդի դեր կատարել, ինչպես նաև բանակցությունների տարածք տրամադրել՝ ի շահ տարածաշրջանում հարատև խաղաղության։

Իսկ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները վատթարացել են վերջին տարիներին, 2024-ից Վրաստանի եվրոպական ինտեգրումը փաստացի սառեցված է երկրի քաղաքական կուրսի փոփոխություն պատճառով, ինչն Արևմուտքում ժողովրդավարական հետընթաց են գնահատում։ ԵՄ-ն սրա բերումով կասեցրել է նաև վրացի պաշտոնյաների համար վիզային ազատ ռեժիմը, իսկ ԵՄ անդամ- պետությունները հարաբերությունները կարգավորում են անհատապես։

Leave a Comment