Սիրիայի նախագահը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել օգտագործել երկրի լոգիստիկ կարողությունները

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել օգտագործել երկրի լոգիստիկ կարողությունները՝ առևտրային երթուղիները վերակառուցելու և ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Սիրիան մատնանշում էր իր ռազմավարական դիրքի կարևորությունը անցյալ տարի մեր Դամասկոս գալու պահից ի վեր, բայց աշխարհն այս հարցին իսկապես ուշադրություն դարձրեց Իրանում պատերազմի սկսվելուց հետո։ Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար։ Սա հատկապես վերաբերում է Պարսից ծոցի երկրների և Թուրքիայի միջև տրանսպորտային հաղորդակցությանը։ Սիրիայի ելքը դեպի Միջերկրական ծով նրան դարձնում է հիանալի և հուսալի օղակ մատակարարման արևելյան և արևմտյան շղթաների միջև»,- ասել է Սիրիայի նախագահը։

Սիրիայի նախագահը նշել է, որ ամենահեռանկարային նախագիծը «Չորս ծովերի» ծրագիրն է։ Սիրիական ղեկավարության մտահղացմամբ՝ այն պետք է միավորի Կասպից, Միջերկրական և Կարմիր ծովերի, ինչպես նաև Պարսից ծոցի լոգիստիկան՝ Ադրբեջանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքով։ Այս նախագծի իրականացումը, որի շուրջ աշխատանքները շարունակվում են, թույլ կտար օպտիմալացնել առևտրային երթուղիները և էժանացնել լոգիստիկան ամբողջ տարածաշրջանում։

Սիրիայի նախագահը Թուրքիայում հանդիպումներ է ունեցել նաև Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Leave a Comment