Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականի վերաբերյալ տեսակետներ են հայտնել պատգամավորներն ու խմբակցությունների ներկայացուցիչները

Խորհրդարանն ապրիլի 17-ի նիստում շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Պատգամավորների ելույթներին հաջորդել են խմբակցությունների տեսակետները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթում Սեյրան Օհանյանը քննադատել է Կառավարությանը վարած արտաքին եւ ներքին քաղաքականության համար: Խմբակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին մի շարք հարցերում, այդ թվում, իր դիտարկմամբ, անվտանգային ոլորտում ձախողելու համար, նշել, որ գոյություն ունեցող սխալները բազմապատկվել են, անհաջողություններ են գրանցվել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի շարք դրվագներով հակադարձել է ընդդիմադիր գործիչներին իրենց հասցեին մեղադրական ելույթների առնչությամբ: «Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին գնալու ու տեր է կանգնելու խաղաղությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարն ու հավելել. «Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ունի իր ավետյաց երկիրը, ունի իր պետությունը, որը պահելու եւ պաշտպանելու է, եւ այդ պաշտպանության ամենակարեւոր առհավատչյան լինելու են հունիսի 7-ի ընտրությունները»:

Leave a Comment