17 ապրիլի 2026 – 11:18 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն, հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը:
Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, բլոգերներ և ինֆլուենսերներ, հայտնում է Արմենպրեսը:
Տեսանյութերի և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին ներկայացվել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային հնարավորությունները և ազգային խոհանոցը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի շնորհիվ ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց առանձնահատուկ համերին։
Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը կարևորել է այս մրցանակի շնորհումը և շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նրա խոսքով՝ այն կարևոր հարթակ է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու տեսանկյունից։
Մշակութային հատվածը լրացվել է կիպրահայ ճանաչված երգիչ Հովիկի երաժշտական ելույթով։