
Սակայն այժմ կցանկանայի խոսել մեկ այլ՝ ավելի կարևոր թեմայի մասին։ 2001 թվականի ապրիլի 16-ին՝ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքը, և այդ օրվանից ի վեր այս ամսաթիվը նշվում է որպես Ոստիկանի օր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելել էր Ներքին գործերի նախարարություն։ Նրան դիտելիս հիշեցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ տարածված այն տեսանյութը, որտեղ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է քաղաքացուն, և պարզվում է, որ ոստիկանը ադրբեջանցի է։
Այժմ՝ ընտրություններից հինգ տարի անց, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ 2021 թվականի այդ կադրերն ավելի քան իրատեսական են թվում։ Ավելին, այդ ամենն արդեն նյութականացվում է։ Ադրբեջանում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով միջոցառումները, ֆինանսավորվում են տարբեր մշակութային նախագծեր, որոնք փորձում են հիմնավորել, թե Երևանը հինավուրց ադրբեջանական քաղաք է։ Հենց Ոստիկանի օրը պետք է արձանագրել. եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, ապա 2021 թվականի այդ տեսանյութի իրականությունը կդառնա մեր առօրյան, և մենք շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով։ Դա է հուշում նաև տրամաբանությունը. եթե տարածքը համարվում է «Արևմտյան Ադրբեջան», ապա այնտեղ պետք է լինեն հենց ադրբեջանցի ոստիկաններ։
Առանձնակի ռիսկեր կան նաև «TRIPP» նախագծի վերաբերյալ։ Ադրբեջանը փաստացի պարտադրեց այս նախագծի կյանքի կոչումը, և նրանք կարող են պարտադրել նաև, որ անվտանգությունն այդ շրջանակներում ապահովի հենց այն նույն ադրբեջանցին, որին տեսել էինք 2021 թվականի տեսանյութում։ Իսկ թե ինչպես են նրանք «անվտանգություն ապահովում», հիշում ենք Լաչինի միջանցքի շրջափակման օրերից, երբ ադրբեջանցին քերթում էր Արցախի դրոշը մարզիկների ավտոբուսից։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև «Արևմտյան Ադրբեջանում»։