Հուշարձանների միջազգային օրը Երևանում և մարզերում կնշեն տարբեր միջոցռաւոմներով

Հուշարձանների միջազգային օրը Երևանում և մարզերում  կնշեն տարբեր միջոցռաւոմներով

17 ապրիլի 2026 – 11:48 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, երկրի տարբեր մարզերում և Երևանում անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ:

Կանցկացվեն տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրություններ, դպրոցականների համար բաց դասեր, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, ինչպես նաև հուշարձանների և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունըԼ

Նախաձեռնությունը նպատակն է խթանել հուշարձանների ճանաչելիությունը և բարձրացնել հասարակության լայն շրջանակների իրազեկվածությունը։ Կարևորվել է մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքների ավելացումը, դրա խոցելիության ընկալումը և պահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Առանձնահատուկ շեշտ է դրվել դպրոցականների ակտիվ ներգրավվածության վրա՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես կրթական գործընթացի լրացուցիչ բաղադրիչ։

Հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքները մարզային ծառայությունների և հուշարձանների պահապանների միջոցով համակարգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

ՅՈւՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:

Leave a Comment