«Բարսելոնան» նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱ-ին

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ կրկին բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղի (1:2) մրցավարության վերաբերյալ։

Դեռևս ապրիլի 9-ին կատալոնական ակումբը բողոքարկել էր նաև թիմերի միջև կայացած առաջին դիմակայության մրցավարների աշխատանքը, որտեղ մադրիդյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։

«Բարսելոնայի» մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ակումբը գտնում է, որ երկու հանդիպումներում էլ կայացվել են մրցավարական մի շարք որոշումներ, որոնք չեն համապատասխանել խաղի կանոններին։ Դա կանոնների սխալ կիրառման և ակնհայտ նշանակություն ունեցող դրվագներում VAR համակարգի ոչ պատշաճ միջամտության արդյունք էր։

«Բարսելոնայի» համոզմամբ՝ այս սխալների կուտակումն անմիջական ազդեցություն է ունեցել հանդիպումների ընթացքի և վերջնական արդյունքի վրա՝ ակումբին հասցնելով զգալի վնաս։

Այս բողոքում ակումբը կրկնում է նախկինում ՈւԵՖԱ-ին ուղղված իր հարցումները և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում համագործակցել կազմակերպության հետ՝ մրցավարական համակարգը բարելավելու և խաղի կանոնների ավելի խիստ, արդար և թափանցիկ կիրառումն ապահովելու նպատակով»։

Leave a Comment