Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Տիտղոսի համար պայքարը շարունակում է չորս թիմ. կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Բավարիայի», իսկ «Ատլետիկոն»՝ «Արսենալի» հետ։
Ըստ հաշվարկների՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղերից հետո Լոնդոնի «Արսենալը» էլ ավելի է ամրապնդել դիրքերը և շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը կազմում է 38,58 տոկոս:
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որն այժմ ունի հաղթանակի հասնելու 33,34 տոկոս հավանականություն։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 19,1 տոկոս հավանականությամբ, իսկ Մադրիդի «Ատլետիկոյի» շանսերը գնահատվում են 8,98 տոկոս:
«Արսենալը» պատմության մեջ դեռ ոչ մի անգամ չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2006 թվականին լոնդոնցիները հասել էին եզրափակիչ, սակայն այնտեղ 1:2 հաշվով զիջել էին «Բարսելոնային»: