Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հնարավոր է վերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ինչպես հաղորդում է Topskills Sports UK պարբերականը, պորտուգալացի անվանի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյուն դարձել է թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուին փոխարինելու գլխավոր ֆավորիտը։ Նշվում է, որ մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հաուն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Հատկանշական է, որ Մոուրինյուն երբեք չի թաքցրել իր ջերմ վերաբերմունքը «Նյուքասլի» նկատմամբ՝ հաճախ ընդգծելով իր յուրահատուկ կապն ակումբի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար սըր Բոբի Ռոբսոնի հետ։
Անգլիայում Ժոզե Մոուրինյուն նախկինում գլխավորել է «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիայում անցկացրած տարիներին Ժոզեն հասել է տպավորիչ արդյունքների՝ երեք անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, չորս անգամ՝ Անգլիական լիգայի գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը և ևս մեկ անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր։