ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Ստամբուլում կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում, կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:
«Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»,- ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Ըստ նրա՝ առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
Սիմոնյանը նաև Թուրքիային հրավիրել է միանալու «խաղաղության կտավը հյուսելու գործում»։ Այդ նպատակով նա պատրաստակամություն է հայտնել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով՝ 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց Բաքուն շինծու մեղադրանքերով դատապարտել էր փետրվարին։
