Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը բխում է գործող օրենքի և կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման պահանջներից՝ նպատակ ունենալով ապահովել բռնագաղթված ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքները։
Ըստ փաստաթղթի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող մի շարք հանրակացարանային շենքերում բնակվող քաղաքացիները դիմել են պետությանը՝ իրենց կողմից զբաղեցրած սենյակները սեփականաշնորհելու խնդրանքով և ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
Խոսքը վերաբերում է Երևանի Շիրակի փողոցի 2/32, Մոլդովական 29/1 հասցեներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական թաղամասի հանրակացարանային շենքերին։ Նախագծով նշվում է, որ այդ շենքերի մի մասը արդեն իսկ սեփականաշնորհված է, իսկ մնացած տարածքները նախատեսվում է փոխանցել բնակիչներին։
Նախագծով նաև սահմանվում է, որ պայմանագրերի կնքման ժամանակ հիմք կդառնա գրանցված վկայականի հատակագծային մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով։
Միաժամանակ նշվում է, որ նախնական ցանկից հանվել են երկու ընտանիք՝ լրացուցիչ հստակեցումների անհրաժեշտությամբ պայմանավորված։
Կառավարության գնահատմամբ՝ նախաձեռնության իրականացումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների փոփոխության, սակայն կբերի բնակիչների կենցաղային պայմանների բարելավման և երկար տարիներ հանրակացարաններում բնակվող ընտանիքների համար մշտական բնակարանային լուծումների ապահովման։
Նախագիծը բխում է նաև կառավարության 2021–2026 թվականների ծրագրից, որտեղ նախատեսված է պետական հանրակացարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացների ավարտը։