Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է Անվտանգության կաբինետի արտակարգ հեռախոսային նիստ, որին մասնակցում են Իսրայելի կառավարության առանցքային նախարարները՝ Լիբանանում հրադադարի հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Ynet լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ նիստը հրավիրվել է շտապ, նախարարներին հինգ րոպե առաջ ծանուցում է տրվել։
Ըստ Ynet-ի՝ Նեթանյահուի և Անվտանգության կաբինետի անդամների միջև հեռախոսազրույցը ընդհատվել է տեխնիկական խափանման պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել է։ Ynet-ը պնդում է, որ նախարարները վրդովված են եղել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից իմանալով հրադադարի մասին։ Նեթանյահուն նրանց տեղեկացրել է, որ Լիբանանում հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, սակայն նախարարները տարակուսանք են հայտնել, որ դա տեղի է ունեցել նախքան նրանք կհաստատեին այդ քայլը, հաղորդում է լրատվական գործակալությունը։ Ապրիլի 16-ի գիշերը Իսրայելի կառավարության առանցքային նախարարները մոտ չորս ժամ հանդիպել են, սակայն չեն կարողացել հաստատել Լիբանանում հրադադարի հնարավորության վերաբերյալ դրույթը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնության են եկել, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին։