Ես եմ կրում այս պարտության պատասխանատվությունը, ապագայի մասին չեմ մտածում․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկությունից թիմի դուրս մնալու պատճառներին։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «արքայական» ակումբը զիջեց Մյունխենի «Բավարիային»՝ երկու խաղերի ընդհանուր 4-6 հաշվով։

Խաղից հետո Արբելոան ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ նշելով, որ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ակումբի ղեկավարությունը։

«Մեր ֆուտբոլիստների ելույթը ֆանտաստիկ էր։ Ցավալի է, որ «Ռեալն» այս տարի չի նվաճի Չեմպիոնների լիգայի 16-րդ տիտղոսը, բայց ես հպարտ եմ թիմով և տղաների դրսևորած բնավորությամբ։ Խաղացողներն իրենց ամբողջ ուժերն օգտագործեցին խաղադաշտում։ Ինչպես երեկ նշել էի, մենք Մադրիդ ենք վերադառնում բարձր պահած գլխով։ Ցավոք, հեռացումը և վերջնամասում բաց թողած գոլը վճռեցին ամեն ինչ։

Ես եմ կրում այս պարտության պատասխանատվությունը: Ես միշտ ինձ վրա կվերցնեմ մեղքը նման իրավիճակներում, քանի որ տղաները լիովին նվիրվել էին խաղին: Ես այս աշխատանքին անցել եմ ոչ թե իմ մակարդակն ապացուցելու, այլ խաղացողներին օգնելու համար: Մենք խաղացել ենք Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի», Կոմպանիի «Բավարիայի», Սիմեոնեի «Ատլետիկոյի» դեմ, և ես միշտ փորձել եմ օգնել թիմին։ Ապագայիս համար բոլորովին չեմ անհանգստանում։ Պարզապես ցավում եմ, որ չկարողացա ակումբին բերել Չեմպիոնների լիգայի 16-րդ գավաթը: Այսքանը։ Ապագայի մասին չեմ մտածում։ Որոշումը կկայացնի ակումբը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ալվարո Արբելոան «Ռեալը» գլխավորել է 2026 թվականի հունվարին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Comment