16 ապրիլի 2026 – 17:44 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հայտնել է, թե ինչ ապրանք է գրանցվել որպես Հայաստանից ներմուծված:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընթացիկ տարվա մարտին Նիդերլանդների Թագավորությունից ներմուծվել են 960 դոլարի վարդեր, հայտնում է APA-ն:
Նշվում է, որ ըստ Ադրբեջանի «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 կետի՝ ներմուծման դեպքում «ապրանքի ծագման երկիր է համարվում գործընկեր երկիրը»։ Այդ պատճառով նշված վարդերն արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունում արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված։
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ը հերքել էր ադրբեջանական մամուլի հրապարակումները՝ նշելով, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել են, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Ըստ այդ հրապարակումների՝ ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 960 դոլար։
Նշվել է նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757,48 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։