«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դժգոհություն է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներում մրցավարական անձնակազմի կայացրած որոշումների վերաբերյալ՝ նշելով չորս դրվագ, որոնք, նրա կարծիքով, կանխորոշեցին դիմակայության ելքը։
«Առաջին խաղում մեր օգտին ակնհայտ 11 մետրանոց չնշանակվեց, և մենք կարմիր քարտ ստացանք, թեև իրականում Պաու Կուբարսիի նկատմամբ կանոնների խախտման համար հենց մրցակիցը պետք է հեռացվեր դաշտից։ Իսկ երեկ Էրիկ Գարսիային ցույց տրված կարմիր քարտը պարզապես սխալ էր. Կունդեն հետևում էր և պատրաստ էր խլել գնդակը, հետևաբար Գարսիան վերջին հույսի խաղացողը չէր: Նաև Ֆերան Տորեսի երկրորդ գոլը չեղարկելու որոշումն էր անարդարացի, իսկ Դանի Օլմոյի նկատմամբ խախտումը պետք է պատժվեր 11 մետրանոցով», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։