16 ապրիլի 2026 – 18:31 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Իսպանիայից ժամանած գործարարների պատվիրակությանը, որին ուղեկցել է Իսպանիայի Հայ բարեգործական ընդհանուր միության և Իսպանիայում ՀԱԵ եկեղեցական խորհրդի ատենապետ Լևոն Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ իրենց այցը նպատակ ունի ընդլայնել երկկողմ գործնական կապերը և խթանել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Իսպանիայի միջև։ Նրանք, ստանալով Նորին Սրբության օրհնությունը, առանձնահատուկ շեշտել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։
Վեհափառ Հայրապետը ողջունել է հյուրերին և փոխանցել իր օրհնությունը՝ մաղթելով հաջողություն նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք միտված են հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխճանաչողության խորացմանը։