Հանձնաժողովում հյուրընկալվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրենը

Գործատուների մոտ պետք է լինի մտածելակերպի փոփոխություն. գործատուն պետք է շահագրգռված լինի ստեղծելու արժանապատիվ աշխատանքային միջավայր աշխատողի համար, ինչն էլ կնպաստի բիզնեսի էլ ավելի զարգացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանն ու Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը:

Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացումն ու գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա հյուրերին է ներկայացրել այդ ոլորտում օրենսդիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքները:

Քննարկվել են նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձել է միության կողմից իրականացված աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը:

Leave a Comment