Կառավարությունը գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցում կտրամադրի

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ատերի հրապարակման միասնական հարթակից։

«Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի  մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով դիզելային վառելիքի առաջացած գնաճի ազդեցության մեղմման ու գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների անխափան իրականացման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Իրանի Իսլամական Հանրապետությունում և տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով էներգակիրների շուկայում արձանագրվել է դիզելային վառելիքի գնաճ, որը առաջացնում է ֆինանսական դժվարություններ գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:

Քանի որ մեկնարկում է գարնանային գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, դիզելային վառելիքի գնի թանկացումը բարձրացնում է գյուղատնտեսական աշխատանքների (վար, ցանք, կուլտիվացիա) սակագները և գյուղատնտեսական արտադրանքի արժեքը։ Բացի այդ, տնտեսավարողների համար գյուղատնտեսական արտադրանքի բարձր ինքնարժեքը դարձնում է գյուղատնտեսական գործունեությունը ոչ շահութաբեր և կարող է պատճառ դառնալ ցանքատարածությունների կրճատման համար։

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից բարձրացվել է դիզելային վառելիքի գնի կանխատեսվող բարձրացման վերաբերյալ հարցը, որից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը։

 Գյուղատնտեսության ոլորտում տարեկան օգտագործվում է շուրջ 20․000 տոննա դիզելային վառելիք։

Ծրագիրը կիրականացվի և փոխհատուցումը կտրամադրվի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ձեռք բերված  դիզելային վառելիքի համար։

Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ

 գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական անձինք, ովքեր բնակվում և գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ովքեր գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում

– համայնքում գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող, ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։

Նախագծով փոխհատուցումը կտրամադրվի, եթե վառելիքի 1 լիտրի գինը գերազանցում է 500 դրամը, ընդ որում փոխհատուցումը տրամադրվում է 1 լիտրի համար վաճառքի գնի և 500 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի քան 1 լիտրի համար 200 դրամը: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից  կատարված մեկանգամյա գնումը պետք է գերազանցի 10 (ներառյալ) լիտրը: Ընդ որում, 1 հեկտար հողատարածքի հաշվով 50 լիտրից ավել ձեռք բերված վառելիքի ծախսը չի փոխհատուցվում (50 լ դիզելային վառելիքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի միջին քանակությունն է):

Համայնքի ղեկավարը ստուգում և ամփոփում է ծրագրով սահմանված, շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերը և վճարումը հավաստող փաստաթղթերը ու մինչև բերքահավաքը մոնիթորինգ է իրականացնում շահառուների կողմից ներկայացված հողատարածքներում: Եթե տվյալ հողատարածքի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն է իրականացվել, ապա տրվում է մոնիթորինգի դրական եզրակացություն և հողատարածքը հաշվառում է փոխհատուցման համար: Համայնքի ղեկավարը փոխհատուցման համար հաշվառված շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև  համայնքի փոխհատուցման ենթակա գումարների չափի և ձեռք բերված վառելիքի ընդհանուր ծավալի վերաբերյալ լրացված ձևաչափը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ: Մարզպետի աշխատակազմը ստուգում է ներկայացված տեղեկատվությունը և ծրագրի պահանջներին համապատասխան լինելու դեպքում դրական եզրակացությամբ ձևաչափը ներկայացվում է նախարարություն:

 Նախարարությունը դրական եզրակացությամբ ձևաչափը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկություն՝ ըստ համայքների վճարումները կատարելու համար:

Մարզպետի աշխատակազմը սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թվականի համար գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ։ Կանխատեսման հիմք է հանդիսացել այն, որ գյուղատնտեսական տարվա համար պահանջվում է շուրջ 20000  տոննա դիզելային վառելիք, իսկ միայն գարնանային աշխատանքների համար՝ շուրջ 15000 տոննա, որից մեր կանխատեսմամբ շուրջ 5000 տոննան արդեն ձեռք է բերվել, հետևաբար կանխատեսվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի 10000 տոննա դիզելային վառելիքի ձեռք բերումը, որը կկազմի շուրջ 2 մլրդ դրամ՝ 1 լիտրի համար սուբսիդավորելով 200 դրամ:

Leave a Comment