16 ապրիլի 2026 – 12:08 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757.48 հազար դոլարի արտադրանք։ Նույն հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 960 ԱՄՆ դոլար, գրում է APA-ն:
Տվյալները տրամադրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Արձանագրվել է նաև, որ Ադրբեջանի կողմից նավթամթերքների մատակարարումները Հայաստան մեկնարկել են նախորդ տարվանից։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս մի քանի խմբաքանակի ներմուծում:
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։