Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհնար է համարում դատական համակարգի որոշ խնդիրների լուծումն առանց նոր սահմանադրության:
Փաշինյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ասել է.
«Կարծում եմ, որ դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակն անընդհատ շարունակվելու է, և սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել:
«Այն, ինչ այսօր արդարադատության համակարգում տեղի է ունենում, խայտառակություն է։ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից: Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից, դա հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխություններով, և մենք դա պետք է անենք: Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում և այդ մաֆիան ունի իր մետաստազները բոլոր տեղերում՝ ԱԺ-ում, Կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում: Մենք պետք է «վիրահատական ճանապարհներով» լուծենք արդարադատության հարցը»,- նշել է Փաշինյանը: