Փաշինյանը գնահատել է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի մասնակցության դադարեցման և TRIPP-ի շուրջ ռիսկերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսական փոխգործակցության դադարեցման ռիսկերը՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին։ Նա անդրադարձել է իրանա-ամերիկյան ռազմական բախման պայմաններում TRIPP ծրագրի իրականացման ռիսկերին՝ վերլուծելով Հայաստանի դերն ու հնարավորությունները փոփոխվող անվտանգային միջավայրում։

Նրա խոսքով՝ չնայած տեղեկատվական դաշտում առկա խոսույթին, ՌԴ-ի հետ հաաբերությունները բարձր մակարդակի վրա են։

«Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ․․․ որևէ մեկին չի հաջողվելու դա անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում բալանսավորման քաղաքականությունը։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ Իրանում պատերազմական գոծողությունների ֆոնին ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են TRIPP-ի իրականացման ծրագրերը։

«Երկու կողմերն էլ, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել, մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավոր հնարավորությունը և ընդհանրապես ցանկացած բան, քանի որ պրոցեսները հասունացած են, հասունանում են և անկասկած է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն, որովհետև առավել ևս հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե դրա տնտեսական նշանակությունը ինչքան է մեծացել»,- պարզաբանել է վարչապետը։

Փաշինյանը հավաստիացրել է, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը։

«TRIPP-ը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի, պետք է այդ սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի և ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպես այդպիսի մոտեցում և շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը»,- շեշտել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment