Երևանում անցկացվում է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ Միջոցառումը միավորել է պետական կառույցների, եվրոպական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։
Քննարկումների ընթացքում անցկացվեցին մի քանի պանելային նիստեր։ Առաջինում անդրադարձ կատարվեց արդարադատության ոլորտի բարեփոխումներին և այդ գործընթացում կառավարության, ԵՄ-ի և քաղաքացիական հասարակության համագործակցությանը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը իր խոսքում նշեց, որ պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը Հայաստանում վերջին շրջանում աստիճանաբար դառնում է ավելի համակարգային և ինստիտուցիոնալ, ինչը կարևոր ձեռքբերում է։ Նա առանձնացրեց նոր ձևավորված հարթակների և հանրային խորհուրդների դերը՝ ընդգծելով, որ դրանք կոչված են ապահովելու մասնագիտական ներգրավվածություն և հասարակական վերահսկողություն քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում։
Միևնույն ժամանակ, Սողոմոնյանը նկատեց, որ այս կառույցները դեռևս հաճախ գործում են ավելի ֆորմալ տրամաբանությամբ և չեն ապահովում ակնկալվող իրական ազդեցությունը։ Նա շեշտեց, որ անհրաժեշտ է հստակ չափանիշներով և մասնագիտական ներուժով կազմակերպությունների ներգրավում, ինչպես նաև հանրային խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացում։
Խոսքում կարևոր տեղ զբաղեցրեց նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման հարցը։ Նա նշեց, որ ոլորտում դեռևս բացակայում է համապարփակ պետական ռազմավարություն, իսկ առկա նախաձեռնությունները հիմնականում հատվածական և կարճաժամկետ են։ Այս համատեքստում ընդգծվեց միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպական միություն-ի աջակցությունը, սակայն նաև մատնանշվեց, որ համագործակցության և ֆինանսավորման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել առավել թափանցիկ և կանխատեսելի մոտեցումներ։
Ամփոփելով՝ Սողոմոնյանը շեշտեց, որ բարձր արդյունավետություն հնարավոր է ապահովել միայն համակարգային լուծումների և համատեղ ջանքերի միջոցով՝ այս դիտարկումները ներկայացնելով որպես կառուցողական առաջարկներ՝ ուղղված ոլորտի զարգացմանը։
Մանրամասները տեսանյութում