Եկամտաբերությունը նվազել է, բայց առաջին եռամսյակը որոշիչ չէ․ կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ներդրումներ են

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը տարվա առաջին եռամսյակում որոշակի բացասական ազդեցությունների է ենթարկվել։ Սակայն «Ռադիոլուր»–ի հետ զրույցում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի և ԿԲ ներկայացուցիչները փաստել են, որ  միայն մեկ եռամսյակով եզրակացություններ անելը ճիշտ չէ։ Կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ներդրումներ են։ Նրանք հիշեցրել են, որ նման իրավիճակներ էլի են եղել, բայց տարեվերջյան արդյունքը դրական է։  

Ինչ ազդեցություն են ունեցել աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Առաջին եռամսյակի արդյունքները ֆոնդերում արդեն ամփոփել են։ Ասում են՝ նվազում կա, բայց նաև որոշակի դրական ազդակներ են նկատվում։  C-Quadrat Ampega Asset Management Armenia հիմնադրամի կառավարիչ  Պետրոս Մարգարյանն ընդգծում է՝ իրադարձություններին հետևում են ամեն օր, և ինչպես ակնկալվում էր, իրադարձություններն ազդում են թե՛ տեղական, թե՛ միջազգային տնտեսության վրա․

«2026– ի առաջին եռամսյակի արդյունքները ամփոփելիս նշեմ, որ արդեն իսկ իրավիճակը ազդել է ֆոնդերի եկամուտների վրա։ Իրականում կայուն եկամտային ֆոնդը ունի դրական եկամտաբերություն՝ 1,2 %, բայց մեր մյուս երկու ֆոնդերը, որտեղ ավելի շատ գերակշռում են արտասահմանյան ներդրումները, ունեն զրոյին մոտ բացասական եկամտաբերություն։ Հավասարակշռված ու պահպանողական ֆոնդի դեպքում մի փոքր բացասական է։ Այստեղ ռիսկերը երկուսն են․ ինչպես այդ իրավիճակը կարող է ազդել  Հայաստանի տնտեսության վրա, ինչպես կարող է ազդել  միջազգային, ավելի շատ՝ կապիտալի շուկաների վրա»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի դեպքում կարող է լինել գնաճ, տոկոսադրույքների տատանում, տնտեսական աճի որոշակի դանդաղում։ Միջազգային շուկաներում, կապիտալի շուկաներում կայունության որոշակի տատանում արդեն իսկ նկատելի է։ Ներդրումների կառուցվածքում որոշակի փոփոխություններ են անում։ Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա՝ ասում է Պետրոս Մարգարյանը․

«Մենք նայում ենք երկարաժամկետ կտրվածքով, այդ դեպքում, անշուշտ, անհանգստանալու կարիք չկա։ Այն, ինչ կատարվում է ամենօրյա կտրվածքով, բնականաբար որոշակի ռիսկեր ունի։ Ներդրումների արժեքի որոշակի տատանում լինում է, բայց ժամանակավոր բնույթ է սովորաբար կրում։ Իսկ մենք մեր ներկայությամբ, մեր գործողություններով փորձում ենք նվազագույնի հասցնել այս կարճաժամկետ շոկերի ազդեցությունը»։

Առաջին եռամսյակում երկու ռիսկային ֆոնդերը որոշակի բացասական արդյունք են գրանցել՝ 0,3–0,7 %, ասում է Aundi Acba Amundi-Acba Asset Management  հիմնադրամի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը։ Նա ընդգծում է, որ տարեսկզբի բարձր եկամտաբերությունը ապրիլից արդեն նկատելի է։ Ասում է՝ սա կապված է շուկայի տատանողականության հետ։

«Նախկինում ևս մի քանի դեպք ունեցել ենք, հաջորդել են բարձր աճի շրջաններ, հիմաչ գիտենք՝ աճը կպահպանվի, թե չէ։ Բայց առնվազն այս արդյունքներով մենք տեսնում ենք, որ դրական նորություններին, որ այս պահին կան, շուկան բավական դրականորեն է արձագանքել»։

Եկամտաբերության նվազումը հենց Մերձավոր Արևելքի և համաշխարհային շուկաների մակրոցուցանիշների հետ են կապված։ Հրայր Ասլանյանն ընդգծում է՝ եթե այս իրավիճակը երկար պահպանվի, շուկաների արձագանքը առաջին հերթին գնաճի տեսքով է լինելու։

«Բարձր գնաճը կարող է բերել տոկոսադրույքների բարձրացմանը, կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության պայմանների խստացմանը, որը ինքնին բացասաբար կանդրադառնա պարտատոմսերի և բաժնետոմսերի գների վրա։ Ինչքան այս լարված վիճակը երկար պահպանվի, էնքան էդ ռիսկերը ավելի կբարձրանան և, հնարավոր է՝ ևս սկսեն բացասական արդյունք ունենալ ֆինանսական ակտիվների վրա, եկամտաբերության վրա»։

ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանն ընդգծում է՝ տարին լավ էր սկսվել, սակայն Մերձավոր Արևելքում հակամարտությունը ակտիվների գների վրա ունեցել է բացասական ազդեցություն։ Առաջին եռամսյակում արտասահմանյան ակտիվները որոշակիորեն նվազել են։ Տեղական ներդրումների եկամտաբերությունը դրական է։

Սակայն առաջին եռամսյակը ոչինչ չի որոշում։ Եզրահանգումներ պետք է անել երկարաժամկետ հատվածում։

Վիգեն Շահնազարյանը հիշեցնում է, որ նախկինում էլ տարբեր ճգնաժամեր են եղել, որոնց պատճառով նվազումներ են արձանագրվել, բայց դրանց միշտ հաջորդում է վերականգման փուլը․

«Կենսաթոշակային ֆոնդերի կատարողականի վերաբերյալ դատել պետք է ավելի երկարաժամկետ հատվածում․ քովիդից հետո, պատերազմից հետո էր նման իրավիճակ, բայց մեր վերջին 3 տարվա եկամտաբերությունը երկնիշ աճ ունի»։

Մասնագետները նշում են, որ այս պահին անորոշությունները շատ են․ միջազգային ֆինանսական շուկաներն արձագանքում են դրանց։ Սպասվում է համաշխարհային տնտեսական աճի դանդաղում ու գնաճ, քանի որ էներգակիրների գները փոխվել են։ Որպես հետևանք տոկսադրույքները կբարձրանան, ուստի պետք է սպասել հետագա իրադարձություններին իրավիճակը ճիշտ գնահատելու համար։

Leave a Comment