«Շոր և Շորշորը»՝ մեծ էկրանին․ կինոյի հիմնադրամը մեկնարկում է նոր նախագիծ․ «Վերնատուն»

Հայկական կինոյի օրվան ընդառաջ՝ զրուցում ենք Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի հետ։ Ապրիլի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանրությանը կներկայացվի հայկական առաջին կինոկատակերգության՝ «Շոր և Շորշորի» վերականգնված ու թվայնացված տարբերակը։ Այս ցուցադրությամբ հիմնադրամն ազդարարում է «Արի հայ կինոյի աշխարհ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայկական կինոժառանգության նմուշներ։

Նախաձեռնությունը երկու հիմնական նպատակ ունի. նախ՝ հնարավորություն ընձեռել հանրությանը ծանոթանալու մեր կինոժառանգությանը մեծ էկրանին, և երկրորդ՝ հաշվետու լինել հասարակության առջև՝ գործնականում ցույց տալով, թե ինչ է նշանակում թվայնացումն ու վերականգնումը և ինչ աշխատանք է իրականացվել այդ ուղղությամբ։ Կինոյի հիմնադրամն այժմ իրականացնում է ֆիլմերի կատալոգիզացիայի լայնածավալ ծրագիր՝ համագործակցելով միջազգային հեղինակավոր գործընկերոջ՝ FIAF-ի հետ։ Ծրագիրն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան և նպատակ ունի պահպանել ու հանրայնացնել կինոժառանգությունը՝ ներառելով թղթային արխիվներ, ֆիլմեր, լուսանկարներ, հարցազրույցներ ու տեղեկատվություն միջազգային ցուցադրությունների մասին։ Այս ամենի համար մշակվում են հատուկ մեխանիզմներ, որպեսզի արխիվը հասանելի լինի նաև գիտական ուսումնասիրությունների համար։

«Կարևոր է հանրայնացնել այն, ինչ ունենք, իսկ որպեսզի հանրայնացնենք, պետք է նախ գույքագրել։ Եվ հիմա մենք հենց այդ գույքագրման փուլում ենք»,- նշում է Դավիթ Բանուչյանը։ Միջազգային հարթակներում ևս հայկական կինոն ակտիվ ընթացքի մեջ է։ Յուրաքանչյուր տարի Հայաստանը մասնակցում է Բեռլինի, Կաննի և Անսիի կինոշուկաներին։ Անսիի անիմացիոն ֆիլմերի փառատոնում արդեն իսկ գրանցվել է լուրջ հաջողություն. Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» ֆիլմն ընդգրկվել է կարճամետրաժ ֆիլմերի հիմնական մրցութային ծրագրում։

Դրական միտումներ են նկատվում նաև տեղական արտադրողների և միջազգային գործընկերների համագործակցության մեջ՝ զարգանում է համատեղ արտադրությունը (co-production)։ Հիմնադրամի գործունեության առանցքում ստեղծագործական ազատության սկզբունքն է։ Կարևորելով հեղինակային կինոյի աջակցությունը՝ կինոգործիչների հետ համատեղ մշակվել է նոր կանոնակարգ, որով էլ կիրականացվի ֆիլմերի ֆինանսավորման առաջիկա մրցույթը։ Նպատակը մեկն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ ստեղծագործողներն իրենց ազատ կզգան այնպիսի գործեր ստեղծելու, որոնք ժամանակի ընթացքում կհամալրեն Հայաստանի հարուստ կինոժառանգությունը։

Leave a Comment