UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կիսվել է իր ծրագրերով՝ նշելով, որ աշխարհի առաջատար պրոմոուշենում բոլոր ռեկորդները գերազանցելուց հետո մտադիր է ուժերը փորձել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: «Full Send Podcast» հաղորդաշարի եթերում հայ մարտիկը մանրամասնել է իր նպատակները.
«Մոտ 5-6 տարուց, երբ կավարտեմ ելույթներս UFC-ում և կսահմանեմ բոլոր ռեկորդները, ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի 3-4 հանդիպում՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա անում է Ջեյք Փոլը: Ոմանք UFC-ում անհանգստանում են, որ կարող եմ վերցնել տիտղոսն ու միանգամից հեռանալ, բայց ո՞ւր պետք է գնամ: Դանա Ուայթի հետ մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք։ Ես ցանկանում եմ դառնալ չեմպիոն և մնալ այնտեղ, որտեղ ինձ օգնել են աճել ու աստղ դառնալ»։
Խոսելով ռեկորդների մասին՝ 29-ամյա մարզիկն ընդգծել է, որ նախատեսում է գերազանցել տիտղոսի պաշտպանության ցուցանիշը.
«Ուզում եմ տիտղոսը պաշտպանել առավելագույն քանակով։ Օրինակ՝ Իսլամ Մախաչևը այն պաշտպանել է 4 անգամ, իսկ ես կանեմ դա 5 կամ 6 անգամ։ Իհարկե, ես նույնպես արդեն երիտասարդ չեմ, սպորտում ինձ մնացել է մոտ 6-7 տարի։ Նպատակս մեծ գումարներ վաստակելն է, աշխարհի լավագույն մարտիկը դառնալն ու նոր միայն հեռանալը»:
Անդրադառնալով Մախաչևին, ով 2025 թվականի վերջին տեղափոխվեց կիսամիջին քաշային կարգ և նվաճեց այդ դիվիզիոնի չեմպիոնական գոտին, Ծառուկյանը նշել է, որ նրա հետ ռևանշն այլևս հավանական չի համարում.
«Մենամարտն արդեն անիրատեսական է, քանի որ նա, հավանաբար, 1-2 մենամարտից հետո թոշակի կգնա: Իսկ ես ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ կգրավեմ այս մարզաձևն ու կդառնամ UFC-ի դեմքը: Ինձ միայն տիտղոսն է պետք»։
Բացի դրանից, Ծառուկյանը հայտնել է Չարլզ Օլիվեյրայի հետ կրկին հանդիպելու ցանկության մասին.
«Նա դասակարգման երրորդ համարն է և ունի BMF գոտին: Կարծում եմ՝ այդ տիտղոսն ինձ շատ ավելի է համապատասխանում, քան Օլիվեյրային»,- եզրափակել է Ծառուկյանը։