15 ապրիլի 2026 – 16:09 AMT
PanARMENIAN.Net – UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից (pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որտեղ ընդգրկված է 15 լավագույն մարտիկ։ Արման Ծառուկյանը առաջադիմել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։
Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշում հայ մարզիկը պահպանել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ամերիկացի Ջասթին Գեյջիին։ Այդ քաշային կարգի գործող չեմպիոնը շարունակում է լինել Իլյա Տոպուրիան, հայտնում է Factor.am-ը:
Pound-for-pound դասակարգման առաջատարը շարունակում է մնալ կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը։
UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման առաջին տասնհնգյակը հետևյալն է՝ Իսլամ Մախաչև (Ռուսաստան), Իլյա Տոպուրիա (Իսպանիա), Համզատ Չիմաև (ԱՄԷ), Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա), Ալեքս Պերեյրա (Բրազիլիա), Պետր Յան (Ռուսաստան), Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա), Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան), Ալեքսանդր Պանտոժա (Բրազիլիա), Ջոշուա Վան (Մյանմա), Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա), Դրիկուս դյու Պլեսի (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Արման Ծառուկյան (Հայաստան), Մագոմեդ Անկալաև (Ռուսաստան) և Կառլոս Ուլբերգ (Նոր Զելանդիա)։
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նախորդ մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։
Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցից 23-ում հաղթել է, իսկ 3-ում կրել է պարտություն։