Ճապոնիան կարևոր է համարում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի լիցքաթափումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը, և հույս ունի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնության կհասնեն արագ՝ երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Կեյ Սատոն։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Կարծում ենք, որ ամենակարևորը իրավիճակի լիցքաթափումն է, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը: Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը, վերսկսելով բանակցությունները, երկխոսության միջոցով կհասնեն վերջնական լուծման», – հավելել է Սատոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև Պակիստանում բանակցությունների հնարավոր վերսկսումը։