Արգենտինայում մեկնարկել է Մարադոնայի մահվան գործով նոր դատավարությունը

Արգենտինայում սկսվել է լեգենդար Դիեգո Մարադոնայի մահվան հանգամանքները քննող նոր դատավարությունը։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, 1986 թվականի աշխարհի չեմպիոնի բուժանձնակազմի յոթ անդամի առաջադրվել է անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանք։ Այս նոր գործընթացը հաջորդում է գրեթե մեկ տարի առաջ տապալված նախորդ դատաքննությանը:

Նոր դատավարության ընթացքում, որի նպատակն է պարզել բժիշկների հավանական անփութության աստիճանը, նախատեսվում է լսել շուրջ 100 վկայի ցուցմունք։ Մեղադրյալները, սակայն, կտրականապես հերքում են իրենց ուղղված մեղադրանքները։

Նախորդ դատավարությունը, որը մեկնարկել էր անցյալ տարվա մարտին, ընդհատվել էր ընդամենը երկու ամիս անց՝ դատավորներից մեկի հրաժարականի պատճառով։ Այն ժամանակ դատարանին ներկայացվել էին բազմաթիվ իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, իսկ որպես վկա ցուցմունք էին տվել Մարադոնայի զավակներն ու նրա նախկին կինը՝ Կլաուդիա Վիլյաֆանյեն։

Մեղադրող կողմը պնդում է, որ բուժաշխատողները կոպտորեն խախտել են բուժման արձանագրությունները, իսկ այն տունը, որտեղ ֆուտբոլիստն անցնում էր վերականգնողական փուլը, վերածվել էր տարրական խնամքից զուրկ «սարսափի թատրոնի»։ Պաշտպանական կողմն էլ, հակադարձելով մեղադրանքներին, պնդում է, որ Մարադոնայի մահն անխուսափելի էր՝ առողջական խորը և քրոնիկ խնդիրների պատճառով։

Բուժանձնակազմի նկատմամբ հարուցված գործի հիմքում ընկած է դեռևս 2021 թվականին աստղի մահը հետաքննելու նպատակով ստեղծված հատուկ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։ Ըստ դրա՝ բժիշկների թիմը գործել է «ոչ պատշաճ, ոչ կոմպետենտ և անխոհեմ»։ Եթե դատարանը մեղադրյալներին մեղավոր ճանաչի, նրանց սպառնում է 8-ից 25 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։ Ողբերգական մահվան պատճառը սրտի կանգն էր, որը վրա էր հասել գլխուղեղի վիրահատությունից հետո ապաքինման շրջանում։

Leave a Comment