ԵՄ-ն հավանաբար երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. ԶԼՄ – armeniatoday.am

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը որը ակնկալվում է՝ կքննարկվի հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ը:

Լրատվամիջոցի տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։

Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն, գրել է պարբերականը:

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա ԵՄ-ն որոշել էր ՀՀ ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։

Leave a Comment