15 ապրիլի 2026 – 12:05 AMT
PanARMENIAN.Net – Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում:
Որոշումն ընդունվել է ապրիլի 15-ին՝ Շանհայում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ անդամների միաձայն քվեարկությամբ։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցել է նույն՝ Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ։
ԴՄԱ Գործադիր կոմիտեն հանդիսանում է կազմակերպության ղեկավար և վարչական մարմինը, որը կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 դատախազ անդամներից՝ ներկայացնող տարբեր երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի Հանրապետությունը, Կանադան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Քենիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Հունգարիան և այլ պետություններ։
Շանհայում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային։