Մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը

Մեկնարկեց միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան բերվեց ոստիկանական ավտոմեքենայով:

Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար, մեղքը չի ընդունում:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին:

Երեկ միլիարդատեր գործարարի փաստաբանները միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:

Դատախազ Արգամ Դալլաքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Ըստ այդմ, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:

59-ամյա Սամվել Կարապետյանը, ըստ «Ֆորբս» պարբերականի, 4.1 միլիարդ դոլարի կարողություն ունի: Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ:

Leave a Comment