Քննության ընթացքում արգելված աղբյուրից օգտվելու համար ունկնդիր է հեռացվել փաստաբանական ակադեմիայից

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի 10.04.2026թ. թիվ 7-Ա որոշմամբ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի միջնորդությունը բավարարվել է և ունկնդիրը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Վարքագծի կանոնների 25-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջը խախտելու համար: Iravaban.net-ը տեղեկանում է Ակադեմիայից։

Ունկնդիրը հեռացվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայից, քանի որ թույլ է տվել կոպիտ խախտում:

Ունկնդիրը 2026 թվականի փետրվարի 25-ին հեռավար կարգով մասնակցել է «X» դասընթացի քննությանը:

Ունկնդիրը քննության ժամանակ օգտվել է արգելված աղբյուրից՝ մասնավորապես, ձեռքի տակ ունեցել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի քննական ձևաթղթով նախկին քննական աշխատանքի պատճենը, որը ժամանակի ընթացքում փորձել է հնարավորինս աննկատ միախառնել արդեն իսկ տպված քննական առաջադրանքի թերթերին՝ քողարկելով դրանք և տպավորություն թողնելով, իբրև իր առջև դրված է քննական առաջադրանքի տպված թերթերը:

Արդյունքում, ունկնդիրը օգտվել է այլ քննական աշխատանքից՝ ուղիղ կարդալով և համակարգչով գրելով, այսինքն՝ օգտվել է խնդրի լուծում պարունակող նյութից:

Վարքագծի կանոնների 25-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ կարգապահական կոպիտ խախտում է համարվում` ակադեմիական արդարությունն ու հավասարությունը խաթարող ոչ իրավաչափ գործողություններ կատարելը, եթե դա ազդել է կամ կարող էր ազդել քննության արդյունքի վրա:

2026թ. ընթացքում հեռացվել է 3 ունկնդիր, որոնից մեկը՝ ՄՈԳ֊ի ցածր արդյունքի համար, իսկ երկուսը՝ կարգապահական խախտում թույլ տալու (քննության ժամանակ ակադեմիական արդարությունն ու հավասարությունը խաթարող գործողությունների) համար:

Leave a Comment