Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Ջոնաթան Դենիսը՝ Մեծ Բրիտանիայից և Կատրին Պարտիկան Բելգիայից, ապրիլի 14–15-ը մոնիթորինգային այցով Հայաստանի Երևան, Վեդի և Փարաքար համայնքներում կգնահատեն Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը՝ 2021 թվականին Կոնգրեսի զեկույցի ընդունումից հետո։ Հանդիպումներ են նախատեսված նաև Երևանի քաղաքապետի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև Վեդի և Փարաքար համայնքների ղեկավարների հետ։
Արդյոք կառավարությունն ուժեղացրել է տեղական ինքնակառավարման համակարգը՝ ապահովելով լիազորությունների արդյունավետ ապակենտրոնացում, իշխանությունների հետ բովանդակալից հաղորդակցություն և ինչպես են բարելավվել աշխատանքային պայմանները համայնքներում․ այս հարցերին պատասխանելու համար ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է ՝ «Ռադիոլուրին» փոխանցում է ԵԽ մեդիա և հաղորդակցության պատասխանատու Տատյանա Բաևա-Ֆրաշոնը։
Քաղաքական մարմինը 5 տարին մեկ մշտադիտարկում է ոլորտում Հայաստանի առաջընթացը։ Մասնավորապես՝ ԵԽ–ի օգնությամբ մշակված ՏԻՄ-երի մասին նոր օրենքի գործնական կիրառումը։ Կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանին նոյեմբերին «Ռադիլուրի» հետ զրույցում հույս էր հայտնել, որ մշտադիտարկումը կարձանագրի հատկապես ՏԻՄ-երի ապակենտրոնացման առումով առաջընթացը։
«Հիմա ինչո՞ւ է սա շատ կարևոր ժողովրդավարության համար, քանի որ կարևորը իրավունքներն են։ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների կոնվենցիաներով, Եվրոպական դատարանով գիտակցում է, որ իշխանությունը պետք է սահմանափակել, որ չչարաշահվի։ Այս մոնիթորինգային մեխանիզմները շատ կարևոր են անդամ պետություններում։ Ու շատ հետաքրքիր է տեսնել, թե հաջորդ մոնիթորինգը Հայաստանում կարձանագրի՞ ակնկալված առաջընթացը, թե՞ մեզ կասի` ինչ-որ բարելավման ոլորտներ են մնացել»։
ԵԽ-ն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը համարել էր առանցքային երկրի կառավարման համակարգի համար։ «Ռադիոլուրի» հարցին՝ ինչու և ինչը փոխվեց, հատկապես որ կարծիքներ կային, թե համայնքների խոշորացմամբ տեղական իշխանությունները հեռացան համայնքի բնակչից, ընդգծել էր․
«Ես հակառակը կպնդեի, որ կառավարումը դարձել է ավելի հասցեական։ Բարեփոխումների երկու տարբեր ոլորտներ կան։ Մեկը խոշորացումն է, 1000-ավոր համայնքների փոխարեն հիմա 71 համայնք կա ընդամենը, ու տեղական իշխանությունն ավելի չի հեռացել բնակչությունից, դա համայնքի իդեալական չափն է, դա, այո, առաջընթաց է։ Մյուսը նոր օրենքն է, որն ավելի հստակ է սահմանում ՏԻՄ–երի լիազորությունները, ինչն ավելի հասցեական ու ժողովրդավար է դարձնում գործընթացը։ Սա թույլ է տալիս ասել, որ իրավական դաշտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»։
Հայաստան ժամանած պատվիրակությանը միացել է նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի փոխնախագահ Տանիա Գրոփպին։ Այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն Կոնգրեսում Հայաստանի ազգային պատվիրակության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների, անկախ փորձագետների և երիտասարդական պատվիրակի հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև Երևանի քաղաքապետի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև Վեդի և Փարաքար համայնքների ղեկավարների հետ։ Մոնիթորինգային այցի երկրորդ փուլը կկայանա ավելի ուշ՝ ներառելով հանդիպումներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի։
«ՏԻՄ ոլորտում վեկտորը ճիշտ է ընտրված, իրագործումն էլ է շատ կարևոր, ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն և դրանց իրագործման ուղղությամբ քայլեր արվեն։ Քանի որ Հայաստանը զգայուն տարածաշրջանում է, մենք նաև կարևորում ենք անդրսահմանային գործակցությունը։ Շատ ուշադիր ենք ցանկացած համագործակցության հարցում, որը նաև տեղական մակարդակում կարող է բարելավել հարաբերությունները հարևանների հետ։
Հիմա Վրաստանի հետ ունենք անդրսահմանային գործակցություն, որը կուզենք շարունակել, և ես կարող եմ ասել` այլ անդամ պետությունների համեմատ շատ հաճելի է աշխատել այս իշխանությունների հետ։ Ոչ միշտ է հեշտ, բայց մենք հաստատ տեսնում ենք, որ կա հանձնառու վերաբերմունք, կամք»։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքով փոխվեց ՏԻՄ մարմինների ընտրության կարգը՝ մեծամասնականից անցնելով համամասնականի, ընդլայնվեցին ավագանու լիազորությունները՝ դարձնելով այն համայնքի թիվ մեկ քաղաքական մարմինը, որն ընտրում է համայնքի ղեկավարին։ Ամենաքննարկված փոփոխությունը համայնքների խոշորացումն էր։ Դրանով մի շարք ծառայություններ տեղափոխվեցին համայնքնային կենտրոններ և համայնքային առանձին ղեկավարների փոխարեն ընտրվեցին վարչական շրջանի ղեկավարներ։