«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Նախևառաջ, պետք է կենտրոնանանք որակյալ խաղի, այլ ոչ թե արդյունքի վրա։ Մեզ հրաշք պետք չէ, այլ պարզապես պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը։ Ամեն ինչ հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Մենք խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի դեմ, հետևաբար պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները. հենց դա էր նախորդ խաղում մեր և նրանց միջև եղած տարբերությունը։
Շատ կարևոր է բարձր պրեսինգ կիրառելը, որպես մեկ միասնական թիմ պաշտպանվելն ու առանց գնդակի ազատ տարածությունները ճիշտ վերահսկելը: Գիտեմ, որ «Ատլետիկոն» ֆանտաստիկ թիմ է, բայց մենք ևս այդպիսին ենք։ Մենք պայքարելու ենք, և վստահ եմ՝ երկրպագուները կաջակցեն մեզ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS -ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր մադրիդյան ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր ուշ երեկոյան: