Ինչպե՞ս է ազդում հայ-ռուսական քաղաքական օրակարգը տնտեսական հարաբերությունների վրա

Ինչպե՞ս է ազդում հայ-ռուսական քաղաքական օրակարգը տնտեսական հարաբերությունների վրա։ Հարցը քննարկման առարկա է թե’ պաշտոնական, թե’ փորձագիտական մակարդակներում։ Ռուսաստանի հետ տնտեսական բոլոր խնդիրները լուծվում են բաց  քննարկումների միջոցով՝ այսօր վստահեցրել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։ Փորձագետները, սակայն, նույնքան լավատես չեն։ Նրանց գնահատմամբ՝ որքան սրվում են քաղաքական տարաձայնությունները, այնքան ավելանում են տնտեսական խոչընդոտները։ 

Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց՝ Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքներ որակի վերահսկողության խնդիրներ ունեն։ Կառույցի ղեկավարը «Վեստի»–ի հետ զրույցում բացատրել էր, որ Հայաստանը Եվրամիության ապրանքների համար ապահովում է պարզացված մուտք դեպի իր շուկա, ինչը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։

Գրեթե միաժամանակ հայ–ռուսական տնտեսական հարաբերություններին անդրադարձավ նաև ՌԴ փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկի գնահատմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը «մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հեռանկարով»։ Նա նշել էր նաև, որ բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանը կարող է բախվել լուրջ մրցակցության։

Մոսկվայից հնչող այս հայտարարություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, ընդհակառակը՝ հորդորում է տնտեսվարողներին, որ աշխատեն արտադրանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։

«2018 թվականից ես խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին, և մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Տնտեսության արդիականացմանը մենք աջակցել ենք, աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին, բայց մենք նաև համաձայն չենք, որ այդ թվում՝ տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել»։

Նախորդ տարի կոնյակագործներն ու ծաղիկ արտահանողներն էին դժգոհում, որ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելիս բախվում են լուրջ խոչընդոտների։ Նրանց գնահատմամբ՝ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմի բացատրությունները հաճախ հիմնավոր կամ սպառիչ չեն։

Տնտեսվարողների խնդիրները միայն սահմանային անցակետերում արտադրանքի անցման խոչընդոտներով չեն սահմանափակվում։  2025-ին Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքի շրջանային դատարանը քննում  էր Գուսովների ընտանիքի հայցը  «Ջերմուկ Գրուպ»-ի դեմ։ Դրանով հայցվոր կողմը պահանջում էր ճանաչել, որ «Ջերմուկ» հանքային ջուր խմելն առողջական ծանրագույն հետևանքների է հանգեցրել։

Նախ առաջին ատյանի դատարանը, ապա Վերաքննիչը մերժեցին  հայցային պահանջը, բայց դատավարության ողջ ընթացքում «Ջերմուկ»-ի վաճառքի նկատմամբ արգելքներ կիրառվեցին։

Լրագրողների հարցին, թե ինչ է կատարվում «Ջերմուկ Գրուպ» ընկերության շուրջ,․ գործարար Աշոտ Արսենյանը պատասխանել էր։  

Մեջբերում — «Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»։

Ռուսաստանի հետ առկա տնտեսական խնդիրները կլուծվեն քննարկումների միջոցով՝  լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցնում է  խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։

«Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու և բոլոր խնդիրները բարրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ։ Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Երևանը Մոսկվայի համար սպառնալիք առաջացնելու մտադրություն չունի։

Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե որն է իրենց հնարավորությունների միջակայքը, Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ ասում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նրա  ձևակերպմամբ՝ Հարավային Կովկասում ձևավորվել է նոր ստատուս քվո, և մարտահրավեր է նետվել Ռուսաստանի ազդեցությանը: Քաղաքագետը կարծում է, որ հայ–ռուսական հարաբերությունների խզումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել․

Մեջբերում — «Համեմատենք Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ։ Տարբերությունն ավելի քան էական է։ Եվ Հայաստանի ընդդիմության հայտարարությունը (որը կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմից. խմբ.) ամենևին ահազանգ չէ, այլ մտավախություն, որ խզումը կհանգեցնի բացասական հետևանքների»։

Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում խնդիրները նոր չեն՝ նկատում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը․

«Նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսլե եք ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել»։

ԱԺ փոխխոսնակն ընդգծում է՝ Ռուսաստանը շարունակում է մնալ բարեկամ երկիր Հայաստանի համար, և խնդիրները քննարկվում են բարեկամական մթնոլորտում։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող տարաձայնությունները բնական են և չեն կարող վտանգել  ընդհանուր գործակցությունը։

Leave a Comment