Վաշինգտոնում այսօր բանակցություններ են վարելու Իսրայելն ու Լիբանանը։ Թեև Թեհրանն ու Վաշինգտոնը հրադադարի մասին էին պայմանավորվել, նրանց առճակատման պատճառով թիրախում հայտնված Լիբանանում Իսրայելը որոշել էր շարունակել ռազմական գործողությունները։ Հանդիպմանը մասնակցելու են Նահանգներում երկու երկների դեսպանները․ միջնորդը պետքարտուղար Ռուբիոն է։ Զուգաhեռաբար նախապատրաստվում են Վաշինգտոն–Թեհրան նոր բանակցություններ։
Բանակցություններին ընդառաջ Իսրայելի հիմնական պահանջը «Հեզբոլլահ»–ի երկարաժամկետ զինաթափումն է։ Ինչպես գրում է Axios–ը, օրակարգում են նաև Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման ու ավելի լայն՝ խաղաղության համաձայնագրի կնքման հարցերը։ Պետդեպը շեշտում է՝ իր դաշնակից Իսրայելը պատերազմում է ոչ թե Լիբանանի, այլ «Հեզբոլլահ»–ի դեմ, ուստի չկա որևէ պատճառ, որ երկու հարևանները չբանակցեն։ Արևմտյան լրատվամիջոցները շեշտում են այս բանակցություններում Թրամփի դերը՝ նշելով, որ հենց նրա գործադրած ճնշմամբ է Նեթանյահուն համաձայնել ուղիղ բանակցությունների։ «Հեզբոլլահ»–ը զինաթափման պահանջը մերժել է մինչև բանակցությունների մեկնարկը և սպասվող հանդիպումն անվանել անիմաստ։
Իսրայելն ու Լիբանանը 1993 թվականից հետո առաջին անգամ են ուղիղ բանակցություններ վարում։ Հարևան պետությունները տասնամյակներ շարունակ ֆորմալ պատերազմի մեջ են՝ պարբերական սրացումներով։
Վերջինը մարտի սկզբին էր․ Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլահ»–ը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլահի»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։ Վերջին շաբաթներին Լիբանանում զոհվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ։ 1 միլիոնից ավելի մարդ դարձել է փախստական։
Բիլալ Քեբեհը հուսով է, որ վերջ ի վերջո պատերազմը կդադարեցվի։ «Ես խաղաղության կողմնակից եմ, ամեն բան պետք է հանգուցալուծվի։ Հակառակ դեպքում կողմերը կշարունակեն կռվել։ Աշխարհի որևէ կետում եթե հարևանները պատերազմում են, պետք է միասին նստեն ու քննարկեն։ Այլ ելք չկա։ Աշխարհը նրանց կողմն է․ նրանք ավելի ուժեղ են»,– AP-ին ասել է Բեյրութի բնակիչը։
Ընդհանուր առմամբ՝ հարցված լիբանանցիները կողմ են ուղիղ բանակցություններին։ Երկխոսությունը ողջունում է նաև Հայթամ Հայաթը։ Նա, սակայն, լավատես չէ Լիբանանի համար դրական արդյունքների առումով։
Ապրիլի 13–ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպումից հետո ասել էր, որ վաշինգտոնյան բանակցությունները կարող են ճանապարհ հարթել Լիբանանի հարավում իրավիճակի կայունացման համար․ եթե դեսպանների մակարդակով բանակցությունները հաջողեն, հաջորդ հանդիպումն ավելի բարձրաստիճան կլինի։
Լիբանանի շուրջ նոր սրացման պատճառ դարձած Իրան–Միացյալ Նահանգներ էսկալացիայի շուրջ նույնպես կանցկացվեն բանակցություններ մինչև երկշաբաթյա հրադադարի ավարտը։
AP-ի փոխանցմամբ՝ Իսլամաբադը կրկին քննարկվում է որպես հանդիպման անցկացման վայր։ Ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ հնարավոր է՝ բանակցությունները տեղի ունենան նաև Ժնևում: Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն, սակայն բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր է ապրիլի 16-ին։