ԱՄՆ-ն պատրաստ է ավարտել հակամարտությունն Իրանի հետ. Ջեյ Դի Վենս – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ արդեն այս հինգշաբթի՝ ապրիլի 16-ին։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Որպես հանդիպման հավանական հարթակներ դիտարկվում են Ժնևը և Իսլամաբադը, սակայն նոր բանակցությունների հստակ ժամկետներն ու վայրը դեռևս վերջնականապես որոշված չեն։

Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ կապված իր բոլոր նպատակներին և կարող է անցնել հակամարտության հանգուցալուծմանը։ ԱՄՆ փոխնախագահը շեշտել է, որ Սպիտակ տունը նախընտրում է հարցը փակել հաջողված բանակցությունների միջոցով։

«Այս բանակցությունների ընթացքում մենք որոշակի պատկերացում կազմեցինք, թե ինչպես են իրանցիները վարում երկխոսությունը։ Հենց այդ պատճառով մենք լքեցինք Պակիստանը. մենք հասկացանք, որ նրանց թիմն ի վիճակի չէր գործարք կնքել։ Նրանք ստիպված էին վերադառնալ Թեհրան՝ գերագույն առաջնորդից կամ մեկ այլ պաշտոնյայից մեր առաջարկած պայմանների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար։ Այնպես որ, անկախ նրանից՝ կլինե՞ն հետագա բանակցություններ, թե՞ ոչ, գնդակն Իրանի դաշտում է, քանի որ մենք շատ բան ենք առաջարկել և հստակ գծել ենք մեր «կարմիր գծերը»», – հայտարարել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի առանցքային պահանջներից մեկը Իրանից միջուկային նյութի դուրսբերումն է։ Չնայած ամերիկյան կողմը պատրաստ է որոշակի զիջումների, կողմերի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ ուրանի հարստացման ժամկետների վերաբերյալ։

Իսլամաբադում կայացած նախորդ հանդիպման ժամանակ Թեհրանն առաջարկել էր հինգ տարով կասեցնել ուրանի հարստացումը, սակայն Միացյալ Նահանգները շարունակում են պնդել 20 տարի ժամկետի վրա։ 

Ապրիլի 11-ին Իսլամաբադում ավարտվել էին ԱՄՆ-Իրան բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ։ Դրանք տևել էին 21 ժամ, սակայն կողմերը չէին կարողացել ընդհանուր համաձայնության գալ։ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը «լավ է անցել», և հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, միայն միջուկային հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։

Leave a Comment