Ավելի խիստ պատժատեսակներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար. նախագիծը քննարկվում է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հացագործությունների կանխարգելման համար երկու ճանապարհ կա՝ պատիժը պետք է լինի խիստ եւ անխուսափելի՝ ԱԺ–ում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ ԱԺ-ն ընդունել է իր կողմից հեղինակված օրենքի նախագծերի փաթեթը, ըստ որի՝ ոստիկանությանը հազարավոր տեսախցիկների 24-ժամյա հասանելիություն է տրամադրվել:

«Երբ համակարգը սկսի ամբողջությամբ աշխատել, կբերի բոլոր տեսակի հանցագործությունների բացահայտման թվի աճին: Երբ մեզ հաջողվի մեծ ծածկույթ ունեցող տեսախցիկների շնորհիվ ժամերի ընթացքում բացահայտել դժվար բացահայտելի համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, մենք կունենանք հանցագործությունների նախականխման եւ կանխարգելման բազում դեպքեր»,- ասել է պատգամավորը:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ այժմ ժամանակն է, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման համար կիրառվի երկրորդ սկզբունքը: Պատգամավորի խոսքով պատիժը պետք է լինի խիստ եւ համադրելի արարքի ծանրությանը:

«Առաջարկում եմ խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը»,- նշել է Հայկ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ  իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովադելու եւ իրացնելու դեպքերում, եթե դա տեղի ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, նախատեսվում է խստացում՝  4-8 տարվա ազատազրկում՝  3-6 տարվա փոխարեն:

Համանման պատժի խստացում պատգամավորն առաջարկել է իրականացնել նաեւ արարքն անօգնական վիճակում գտնվող անձի հանդեպ կատարելու դեպքում: Իսկ նույն հանցագործությունն անչափահասի ներգրավվմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու պարագայում՝ նախագծի հեղինակն առաջարկել է սահմանել առավել խիստ պատիժ, այն է՝  6-12 տարվա ազատազրկում:

«Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործընկերներիս առաջարկելու եմ, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության համար եւս առավել խիստ պատիժ սահմանվի»,- ասել է պատգամավորը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագծի հեղինակն ընդունել է գործադիրի առաջարկները, ուստի նրանք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է ԱԺ ապրիլի 14-ի  հերթական նիստում:

Leave a Comment