14 ապրիլի 2026 – 17:28 AMT
PanARMENIAN.Net – Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը կրկին չի կալանավորվի. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանն անփոփոխ է թողել նրա խափանման միջոց վարչական հսկողությունը։
Արշակ սրբազանի գործով առաջին դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդել էր հոգևորականի նկատմամբ կրկին կալանք կիրառել, հայտնում է Sputnik Արմենիան:
«Վարույթը դեռևս նախնական դատալսումների փուլում է, չեն հարցաքննվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին` առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինչը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման և ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը»,- ասել է դատախազը։
Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի ազատության մեջ գտնվելը կարող է ռիսկեր առաջացնել՝ կապված վկաների վրա հնարավոր ազդեցության, ցուցմունքների փոփոխման, ինչպես նաև ապացույցների թաքցման կամ ոչնչացման հետ։ Դատախազը նաև ընդգծել է, որ սրբազանը ունի ազդեցիկ դիրք, ինչը կարող է հնարավորություն տալ ներգործելու այլ անձանց վրա։
Դատավորի որոշմամբ՝ Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնացել է անփոփոխ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։
Դատարանում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասել է․ «Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա», հայտնում է Panorama.am-ը:
Նա միացել է պաշտպանների միջնորդությանը՝ պահանջելով անմիջապես դադարեցնել քրեական հետապնդումը։
Սրբազանը նշել է. «Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու։ Անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործ է, և այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացում, ես չեմ ակնկալում։ Ակնհայտ է՝ որ այստեղ ամեն ինչ կեղծ է և շինծու։
Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իերնց բարձրության վրա, դատախազությունը բավարար անաչառ գտնվեր, պատվիրակված չլիներ, մենք այս վիճակը չէինք ունենա։ Հետևաբար ես ուրիշ պահանջ չունեմ»։
Դատական նիստի ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, դիմելով դատավոր Արթուր Ադամյանին, նշել է, որ անձնագրով գրանցված է Սամվել Խաչատրյան անունով, սակայն հանրության շրջանում հայտնի է իր հոգևոր անունով։
«Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, խնդրում եմ դիմելու ժամանակ այդ հանգամանքը հաշվի առնել»,- ասել է նա։
Դատավորը հարց է ուղղել. «Հիմա մենք ձեզ ձեր անուն-ազգանունով չդիմե՞նք»։
Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը պարզաբանել է, որ ընդունված կարգով հոգևորականներին դիմում են իրենց հոգևոր անունով։
«Ընդունված կարգ կա, որ հոգևորականին դիմում են իր հոգևոր անունով»,-ասել է նա:
Արշակ սրբազանը ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվել է, իսկ 2026 թվականի փետրվարի 3-ին կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ է արձակվել, և նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։