Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ Կիմա Ավդալյան

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, որին մակագրված է եղել նշված վարույթը, հրաժարական է տվել:

Այդ կապակությամբ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը պարզաբանել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել:

«Պաշտպանը հարցազրույցի ընթացքում պնդել է նաև, որ իրենք վարույթի քննության 4-րդ ամսում միջնորդել են մաս անջատել և ուղարկել դատարան, սակայն Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ նման գործիքակազմ չկա:

Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վարույթի սկզբնական փուլում վերջիններս միջնորդել են քրեական վարույթից անջատել «կոչի» դրվագը և այն ուղարկել դատարան, սակայն նման իրավական հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոչ միայն այդ, այլ նաև փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու դրվագներով: Այսինքն՝ առկա չէ իրավական ընթացակարգ, որը թույլ կտար միևնույն անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տրոհել մասերի և մի մասով շարունակել նախաքննությունը, իսկ մյուս մասով ուղարկել դատարան:

Պաշտպանի մյուս հայտարարության հետ կապված, թե ի վերջո վարույթից մաս է անջատվել, պետք է նշել, որ այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ամբողջ ծավալով նոր վարույթ անջատելու, այլ ոչ թե մեղադրանքը տրոհելու մասին է:

Հետևաբար՝ պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված»,- գրել է նա:

Leave a Comment