Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

Էրդողանը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», – ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի ռազմական գործողությունները Պաղեստինում և Լիբանանում անվանել է «արյունալի ցեղասպանության ցանց»։ Նա պնդել է, որ պաշտոնական հրադադարի պայմաններում Իսրայելը 1.2 միլիոն լիբանանցիների ստիպել է լքել իրենց տները և շարունակել է հարձակումները քաղաքացիական տարածքների վրա։ Նա նաև «բարբարոսություն» է  անվանել Քնեսեթի կողմից ահաբեկչության համար պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու մասին օրենքի ընդունումը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կրկնել է իր նախագահի կարծիքը՝ նշելով, որ Իսրայելը դիտավորյալ Անկարային վերածում է նոր հակառակորդի, քանի որ «չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու»։

Նախարարի խոսքով՝ Իսրայելի տարածաշրջանային դիրքորոշումը «մեծացնում է անկայունության ռիսկերը», մասնավորապես Սիրիայում և Լիբանանում։

Իսրայելի Երուսաղեմի հարցերով և հրեական ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն խստորեն դատապարտել է Անկարայի քննադատությունը և խոստացել է Իսրայելի կառավարությանը ներկայացնել առաջարկ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները լիովին խզելու վերաբերյալ, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Leave a Comment