Քննարկվել է ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր ապահովող օրինագիծը

Ազգային ժողոցի ապրիլի 14-ի հերթական նիստում գործադիրը շրջանառել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծ: Նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր: Իրավակարգավորումները տարածվելու են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Նախագիծը սահմանում է ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները եւ ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների (արտոնությունների) իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը, ՀՀ-ում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

Իրավակարգավորումներն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Սահմանվում է խտրականության բացառման երաշխիքը՝ երկու բաղադրիչներով: Առաջինն ազգային ռեժիմն է, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ: Հաջորդն առավել բարենպաստության ռեժիմն է, ըստ որի՝ բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի Հայաստանից ակնկալելու նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որեւէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ: Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի մասով:

Նախագիծը սահմանում է ներդրումների եւ ներդրողների պաշտպանության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունն ու կայունությունը: Սահմանվում են այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են՝ կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխակերպումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները, արդարադատության մատչելիությունը եւ այլն:

Օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ տվյալ երաշխիքներով՝ օրենքով սահմանված երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից հետո հինգ տարվա ընթացքում:

Սահմանվում են ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Leave a Comment