Համակարգային եղանակով բարելավվում է ոսկեգործության եւ ադամանդագործության համար ստեղծված հարկային միջավայրը: Առաջարկվում են ԱԱՀ-ով հարկման արտոնյալ կարգավորումներ: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ ապրիլի 14-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։
Ոսկու եւ թանկարժեք քարերի վաճառքն ազատված է ԱԱՀ-ից միայն որպես հումքային ապրանք վաճառելիս: Այդ հումքային ապրանքների օգտագործմամբ երբ ստեղծվում են պատրաստի զարդեր, ապա դրանց վաճառքն այլեւս ենթակա է ԱԱՀ-ով հարկման, այսինքն՝ այս հումքային ապրանքները վերջնական արդյունքում սպառողին հասնում ենք ԱԱՀ-ով ծանրաբեռնված:
Փոխնախարարի պարզաբանմամբ խնդիրն այն է, որ մի կողմից ոսկին եւ թանկարժեք քարերը՝ որպես հումքի տեսակներ, բարձրարժեք են այլ հումքերի համեմատությամբ, եւ ոսկյա զարդի գնի կառուցվածքում նրանց կշիռը կարող է մոտենալ երբեմն 90-95 տոկոսի: Որպես բարձրարժեք ապրանքներ՝ ոսկյա զարդերի վաճառքը շրջանառության հարկի համակարգում կազմակերպելու դեպքում կա հիմնավոր տեսակետ, որ եթե գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն, իրացման ծավալների իրական հաշվառում եւ հայտարարագրում լինի, ապա մեծ հավանականությամբ այս ոլորտում գործող արտադրությամբ եւ վերավաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները հատելու են շրջանառության հարկի շեմը: Դա նշանակում է, որ այդ պահից հետո ձեւավորվող հարկման բազաները ծանրաբեռնվելու են ԱԱՀ-ով: «Սա էականորեն վնասում է մրցունակությանը գնային իմաստով եւ անհավասարություն է ստեղծում շուկայում, քանի որ շեմից ներքեւ գործողները շրջանառության հարկի համակարգում մի քանի անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շեմում գտնվողները կվճարեն»,- նշել է փոխնախարարը:
Այս պարագայում, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաեւ ոսկու եւ թանկարժեք քարերի այն կարեւոր առանձնահատկությունը, որ այս հումքատեսակները մեկից ավելի անգամ կարող են մասնակցել արժեշղթայի օղակներին (ոսկու ձուկալակտորի ձուլմամբ կարելի է պատրաստել զարդ, այնուհետեւ ձուլել եւ այլ զարդ պատրաստել եւ այդպես շարունակ): Յուրաքանչյուր անգամ ոսկու զանգվածը տարբեր արժեշղթաների մասնակցելիս նոր արժեք չի ստեղծվում, իսկ ԱԱՀ-ն նոր արժեքի հարկն է: Արման Պողոսյանի գնահատմամբ ճիշտ եւ արդարացի չէ այն հավակնությունը, որ յուրաքանչյուր անգամ արժեշղթայի ամեն փուլում ԱԱՀ հաշվարկվի:
«Այս խնդիրը լուծելու համար երկու արտոնյալ կանոն է առաջարկվում, մեկը՝ արտադրողի, մյուսը՝ վերավաճառողի համար: Արտադրողի համար այս օրենքի ընդունումից հետո ԱԱՀ-ով հարկման բազան կամ հարկը կհաշվարկվեն ոչ թե արտադրողի կողմից նշանակված գնից ամբողջությամբ, այլ այդ գնի եւ տվյալ զարդի արտադրության համար օգտագործված ոսկու զանգվածի եւ թանկարժեք քարերի փաստաթղթավորված ծախսերի տարբերության չափով միայն: Այն նոր արժեքի չափով, որը ստեղծվել է տվյալ արտադրողի մոտ՝ նվազեցնելով ոսկու եւ թանկարժեք քարերի գները: Մոտավորապես, նույն տրամաբանությամբ վերավաճառողին հնարավորություն է տրվում ոչ թե վաճառքի ամբողջ գնից հաշվարկելու ԱԱՀ-ն, այլ վաճառքի գնի եւ արտադրողին վճարած գնի տարբերությունից՝ կրկին այն տրամաբանությամբ, որ վերավաճառողի մոտ նոր ստեղծված արժեքը միայն իր առեւտրային վերադիրն է»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:
Պարզեցնելու համար հարկային հաշվառումն ու վարչարարությունը՝ արտադրողի համար կսահմանվի, որ եթե այս եղանակով հաշվառվող հարկման բազան ընդհանուր գնի 10 տոկոսից պակաս ստացվի, հարկման նպատակով հիմք է ընդունվելու առնվազն գնի 10 տոկոսը:
Նշվել է, որ հարցը քննարկվել է ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ եւ սպասված կարգավորում է:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: