Փաշինյանը գործարարների հետ քննարկել է ՌԴ սահմանափակումների հետ կապված մտահոգությունները. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գործարարները դժգոհել են Ռուսաստանի հետ վարած քաղաքականության հետևանքով իրենց համար ստեղծված իրավիճակից, գրել է «Հրապարակը»։ Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն ապրիլի 13-ին կայացած հանդիպմանը փորձել է մեղմել ՌԴ-ի կողմից հայկական բիզնեսի նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին անհանգստությունները։ Նշվում է, որ գործադիրի ղեկավարը փորձել է կանխել հնարավոր դժգոհությունները։ Վարչապետը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակը շուտով կկարգավորվի, իսկ տարածաշրջանային խաղաղության հեռանկարը կստեղծի սպառման նոր հնարավորություններ, գրել է թերթը: Չնայած այս հավաստիացումներին, թերթի աղբյուրների փոխանցմամբ, որոշ գործարարներ իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության վարած քաղաքականությանը։ ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության հնարավոր խստացումների մասին է գրել նաև «Փաստ» օրաթերթը։ Ռուսական կողմից հայկական բիզնեսի նկատմամբ սահմանափակումների հնարավորության մասին տեղեկությունները հաջորդել էին ապրիլին 1-ին Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ թեպետ Փաշինյանի հավաստիացրել է, թե ՀՀ-ում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, նրա խոսքով, փաստերն այլ բանի մասին են վկայում։ Նա մատնանշել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքների խախտման, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ երկաթուղիների կառավարման գործում ՌԴ-ին փոխարինելու ցանկությունը։  Ավելի ուշ ԶԼՄ-ները չէին բացառել, որ Մոսկվան կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանի իշխանությունների հետ կապված բիզնեսների նկատմամբ։ Ապրիլի 7-ին «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը դիմել էր դատարան՝ պահանջելով դադարեցնել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան և դրա հիման վրա կասեցնել ՌԴ արտահանվող ալկոհոլային խմիչքների արտահանումը։ ՌԴ-ում ապրիլի 12-ին վերսկսվել էր «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, որը կասեցվել էր 2025-ին («Ջերմուկը» պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին-խմբ․)։

Leave a Comment